ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ Բրյուսելը Երևանի և Բաքվի միջև երկկողմ ուղիղ փոխգործակցության հնարավորություն է տեսնում: Այսօր Օքսֆորդում Եվրոպական քաղաքական համայնքի 4–րդ գագաթնաժողովում այս հայտարարությունն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Վերջին ամիսներին մենք տեսանք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ ուղիղ կապ հաստատելու հնարավորություն կա։ Եվ գիտեք` ես փորձել եմ անել հնարավոր ամեն ինչ ԵՄ-ի անունից, որպեսզի նպաստեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»,- ասել է դիվանագետը։
Նշենք, որ 2021-2023թթ․ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 6 հանդիպում է կայացել։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմն այսօր հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն էլ հայտարարեց, որ հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում անցկացնել Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2024-ի փետրվարի 17–ին Մյունխենում։ Նախաձեռնողը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էր։