ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ֆրանսիացի ոստիկաններին արգելել են մաստակ ծամել ծառայության մեջ՝ հանուն առաջիկա օլիմպիական խաղերում Ֆրանսիայի լավ վարկանիշի: Այս մասին հայտնում է 20minutes պորտալը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենին։
Նախարարը իրավապահների համար ճեպազրույցի ժամանակ նշել է հանրապետության հեղինակության մասին հոգալու անհրաժեշտությունը, որը շուտով պետք է ընդունի մարզիկների ամբողջ աշխարհից:
«Ոչ մի մաստակ, մենք չենք նայում բջջային հեռախոսներին, ողջունում ենք մարդկանց և ցանկացած պարագայում հանգստություն ենք պահպանում։ Բավական է մեկ կամ երկու մարդ, որոնք իրենց լավ չեն պահում, որպեսզի դա հայտնվի թերթերի վերնագրերում», - ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով՝ ոստիկանները պետք է աջակցեն հյուրընկալ Ֆրանսիայի կերպարին։ Խաղերի անվտանգությունն ապահովելու համար օրական միջին հաշվով կներգրավվեն մոտ 35 հազար ոստիկաններ և ժանդարմներ (մինչև 45 հազար բացման արարողությանը) և 18 հազար զինվորներ:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: