ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը 2 մլն դոլար դրամաշնորհ կտա ՀՀ–ին` հանրային հատվածում ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացման համար։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց 2024 թ. փետրվարի 6–ին ստորագրված «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհ տրամադրելու մասին» համաձայնագրի» ստորագրմանը:
«Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի ներդրումը բաղկացած է 3 փուլից՝ առանձին հանրային հատվածի կազմակերպությունների մակարդակում համակարգի ներդրում, նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և պետության մակարդակով համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում։
Հրամանագրի նախագիծը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը: