ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ Երևանից ոչ հեռու երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է մայրաքաղաքում՝ 3-4 բալ և Արարատի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19։40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության40.04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Երևան քաղաքից16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Նշենք, որ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանի ժամանակով 19։41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին) 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Արևմտյան Թուրքիայում՝ Բիգա քաղաքից 16 կմ հարավ։