ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Մոսկվան Երևանից քայլեր է ակնկալում Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այսօր հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսության լիակատար աշխատանքն արագորեն սկսելու հարցում ՌԴ-ի տրամադրվածությունը չի փոխվել։
«Հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով հաջողվել է զգալիորեն առաջընթաց ունենալ այդ ուղղությամբ։ Մենք Երևանից ակնկալում ենք հետագա քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության և փոխադարձության սկզբունքը»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել աշխատանքը 2024 թվականի սկզբին: Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը նախապատրաստվելու համար առաջին խումբը Կապան է ժամանել դեռևս 2023 թվականի սեպտեմբերին։