Չինաստանը հույս ունի՝ ՀՀ–ն ակտիվորեն կմասնակցի ՇՀԿ շրջանակում համագործակցությանը. Մին Չեն

Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) գործընկերոջ կարգավիճակ ունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) շրջանակներում համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունում ԶԼՄ-ների համար ընդունելության ժամանակ։
ՇՀԿ համագործակցությունը կօգնի Եվրասիայում անվտանգության ճարտարապետություն ձևավորել. Մին
Նա հիշեցրել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում նախագահությունն անցնում է Չինաստանին։
«Այս համագործակցությունը Հայաստանին թույլ կտա էլ ավելի մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում»,- ասել է նա:
Չեն Մինի խոսքով՝ Չինաստանը ծրագրում է կիրառել ՇՀԿ պլատֆորմը տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման, հարավի հետ համագործակցության զարգացման գործում:
Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, ապա նա ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել են ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք նոր դինամիկա են ստացել:
Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը 2024-ին հասել է պատմական ռեկորդի. դիվանագետ
Այս առումով նա կարևոր է համարել վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի պաշտոնյաների հաճախակի դարձած այցերն ու հանդիպումները։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին։Սկզբում դրա կազմում էին վեց երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 - ին նրանց միացան Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ 2023-ին՝ Իրանը, 2024-ի հուլիսին՝ Բելառուսը։
Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) գործընկերոջ կարգավիճակ ունի: