Բուհերում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետպատվերով տեղեր. ԳԹԿ

Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը
ԳԹԿ-ն այսօր կհրապարակի ընդունելության միասնական քննությունների արդյունքները: Քննությունների 2–րդ փուլին մասնակցել է 14 696 դիմորդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. 2024/2025 ուստարվա ընդունելության միասնական քննությունների արդյունքներով թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր: Այդ մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստին տեղեկացել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Փաշայանը նաև հայտնել է, որ ԳԹԿ-ն այսօր կհրապարակի ընդունելության քննությունների արդյունքները: Ինչպես հայտնի է` 2024/2025 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ առաջին փուլն անցկացվել է հունվարին, իսկ 2–րդ փուլը` հունիս–հուլիս ամիսներին (քննությունների 2–րդ փուլին հայտագրվել է 14 696 դիմորդ-խմբ.)։
Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը գլխավորող նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թափուր մնացած տեղերի պատկերը մտահոգիչ է:
«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ: Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ, պետք տեղերի նպատակային և իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»,– ասել է նա:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը: ԳԹԿ տնօրենի խոսքով՝ 444 դիմորդներ չեն հայտագրել բուհը և մասնագիտությունը, հետևաբար, նրանք մրցույթին չեն մասնակցել (ըստ կարգի՝ երկրորդ փուլի հայտագրման ժամանակ դիմորդը պետք է նշեր բուհը և մասնագիտությունը):
Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել դրական միավորներ ունեցող դիմորդները:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի անդամները քննարկել են նաև ազգային փոքրամասնություններին տրվող արտոնյալ նպատակային տեղերի բաշխման, ինչպես նաև արվեստի, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի ոլորտներում բուհերին հատկացված տեղերի վերաբաշխման հարցերը: