ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական կողմը պնդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին ասել է, որ հանդիպման անցկացման առաջարկն արել է բրիտանական կողմը:
Ըստ որում, ավելի վաղ պաշտոնապես նման հանդիպման հնարավորության մասին կողմերից ոչ մեկը չէր հայտարարել։
«Հանդիպումից Հայաստանի վարչապետի հրաժարվելը նահանջ է խաղաղության օրակարգից», - ասել է Հաջիևը:
Sputnik Արմենիան մեկնաբանություն է խնդրել ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Մյունխենում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ: