ԱՄՆ բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի ՊՆ-ում. Ուզրա Զեյա

Ավելի վաղ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանի պաշտպանության նախարարությանը կից խորհրդական նշանակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Տեղեկությունը «Հետքի» հետ հարցազրույցում հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան։
«Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստ»,-ասել է պաշտոնյան։
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են վարում անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ: Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանի պաշտպանության նախարարությանը կից խորհրդական նշանակել։
Հավելենք, որ Ուզրա Զեյան Հայաստանում էր հուլիսի 13–16–ը։