Ադրբեջանական կողմը մերժել է Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկը

Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական կողմը մերժել է հայկական կողմի առաջարկը` Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,– գրել է խոսնակը։
Նշենք, որ ադրբեջանական կողմն էլ պնդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել Լոնդոնում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2024-ի փետրվարի 17–ին Մյունխենում։ Նախաձեռնողն էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Հիշեցնենք նաև` հունիսի 27-ին Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը գրեթե վերջնականացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագի նախագծի տեքստը և պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել այն և ստորագրել փաստաթուղթը։