Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ–ն ընդլայնել է ավազի արդյունահանման բիզնեսը. «Հետք»

Ռանչպար տանող ճանապարհ
Լրատվամիջոցը վստահեցնում է, որ քրեական վարույթը որևէ կերպ չի կաշկանդել պատգամավորի հետ կապված ընկերությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված ընկերությունն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։ Այս մասին գրում է «Հետքը»։
2023 թվականի նոյեմբերին տեղեկացրել էինք, որ Բագրատյանի կնոջ անունով գրանցված ընկերության ապօրինի գործունեության մասով քրեական գործ է հարուցվել, բայց ձերբակալվածներ չկան։
«2024 թ.-ի հուլիսին «Հետքն» արձանագրել է, որ վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս է բացվել։ Նախկին և նոր բացված տեղամասերից ամեն օր հարյուրից ավելի բեռնատարներով ավազ է ապօրինի արդյունահանվում։ Հանքավայրը շահագործելու մասին մինչ օրս որևէ թույլտվություն չի տրվել, պետական սեփականություն հանդիսացող ընդերքը պատգամավորի հետ կապված անձինք ապօրինի արդյունահանում են անխոչընդոտ»,– գրում է լրատվամիջոցը։
«Արարակ» ՍՊԸ–ն 2022 թ. հիմնադրել է Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը, որին էլ պատկանել են ՍՊԸ–ի բաժնեմասերը։ Ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետքի» հրապարակումից հետո պատգամավորի կինը բաժնեմասը փոխանցել է Սերգեյ Բագրատյանի հետ կապված մեկ այլ անձի՝ Վրեժ Եղոյանին, որը Բագրատյանի բիզնես գործընկերն է։
Նշենք, որ 2023 թ. նոյեմբերին ոստիկանությունը բերման էր ենթարկել Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Նշվում էր, որ աշխատակիցները ապօրինի գործող հանքի տարածքից տեղափոխվել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել էր։