ՔԿ-ն կստուգի՝ արդյոք Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ–ն ընդլայնել է ավազի արդյունահանման բիզնեսը

Կոմիտեից տեղեկացնում են, որ ըստ հաշվարկների՝ պատգամավորի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն պետությանը պատճառել է մոտ 74 միլիոն դրամի վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Քննչական կոմիտեն կստուգի, թե արդյոք ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ–ն նոր տեղամասերում ավազի ապօրինի արդյունահանմամբ զբաղվում է, թե ոչ։ Այս մասին նշված է ՔԿ հրապարակած հաղորդագրության մեջ, որում կոմիտեն արձագանքում է «Հետք»-ի հոդվածին։
Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերին տեղեկացրել էինք, որ Բագրատյանի կնոջ անունով գրանցված ընկերության ապօրինի գործունեության մասով քրեական գործ է հարուցվել, բայց ձերբակալվածներ չկան։
Լրատվամիջոցը հուլիսի 16-ին հոդված էր հրապարակել՝ նշելով, թե ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված ընկերությունն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։
«Հետքը» գրել էր՝ 2024 թ.-ի հուլիսին արձանագրել է, որ վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս է բացվել։ Ըստ ԶԼՄ-ի՝ նախկին և նոր բացված տեղամասերից ամեն օր հարյուրից ավելի բեռնատարներով ավազ է ապօրինի արդյունահանվում։ Հանքավայրը շահագործելու մասին մինչ օրս որևէ թույլտվություն չի տրվել, պետական սեփականություն հանդիսացող ընդերքը պատգամավորի հետ կապված անձինք ապօրինի ու անխոչընդոտ արդյունահանում են։
«Նկատի ունենալով, որ «Հետք»-ի վերոնշյալ հրապարակման մեջ տեղ են գտել տվյալներ՝ ընկերության կողմից վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս բացվելու, նախկին և նոր բացված տեղամասերից բեռնատարներով ավազի ապօրինի արդյունահանման մասին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված այդ հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում կդարձվեն ստուգման առարկա»,- գրել է ՔԿ-ն։
Նաև որոշ մանրամասներ է ներկայացրել նախաքննության ընթացքից։ Մասնավորաբար, ըստ կոմիտեի՝ 2024թ. փետրվարին Ռանչպար գյուղում արձանագրվել է ավազի ապօրինի արդյունահանում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետությանը պատճառված ընդհանուր վնասը՝ հաշվարկված տույժերը և տուգանքները միասին, կազմում է 74.000.000 ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։