Միրզոյանը անվտանգային հարցեր է քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տատյանա Մոլչանի հետ
ՀՀ արտգործնախարարը ՄԱԿ–ի ներկայացուցչի հետ հանդիպել է Նյու Յորքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր:
«Մտքեր են փոխանակվել «2030թ. օրակարգի» նպատակներին հասնելու ուղղությամբ ՄԱԿ ԵՏՀ հետ համագործակցության հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, շրջակա միջավայրի, ճանապարհային անվտանգության ապահովման բնագավառներում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարը Տատյանա Մոլչանին է ներկայացրել նաև Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ընթացքին, նախարարի կողմից ներկայացված երրորդ կամավոր ազգային զեկույցին։
Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի շրջանակներում փոխգործակցության առաջնահերթությունները։
Հիշեցնենք` Միրզոյանը ԱՄՆ է մեկնել հուլիսի 15-ին։
Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Հայաստանի և Օմանի միջև առկա քաղաքական երկխոսությունը