Առաջին հայացքից կարող է շատ զարմանալի թվալ, որ Դոնալդ Թրամփը փոխնախագահի թեկնածու է ընտրել Ջեյմս Դեյվիդ Վենսին. ախր այդ մարդը ժամանակին ինչ ասես ասել է Թրամփի մասին. «Ես միշտ դեմ եմ եղել Թրամփին, նա ինձ երբեք դուր չի եկել», «Աստված իմ, ի՜նչ ապուշ է այդ մարդը, ինձ թվում է՝ նա պարզապես սրիկա է»։ Այս բնորոշումները, ինչպես ասում են, կարելի է դեռ ծաղիկներ համարել։ 2016 թվականին Վենսն իր գործընկերոջը անձնական հաղորդագրությամբ գրել է. «Երբեմն մտածում եմ, որ Թրամփը ցինիկ տխմարի մեկն է, երբեմն էլ՝ որ նա ամերիկյան Հիտլերն է»։
Հիմա անկեղծ ասեք՝ դուք լինեիք Թրամփի փոխարեն, որի վերընտրվելու շանսերն օրեցօր ավելի ու ավելի իրական են դառնում, և ուրեմն համապատասխանաբար ընդլայնվում է փոխնախագահ դառնալ ցանկացողների շրջանակը, ի՞նչ կանեիք՝ արդյոք բոլոր հավակնորդներից կընտրեի՞ք հենց այն մարդուն, որը ձեզ տխմար ու ապուշ է անվանել բավական չէ, դեռ մի բան էլ համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։ Ես կընտրեի։ Նախ`Վենսը անկեղծորեն զղջացել է այդ որակումների համար և ներողություն խնդրել։ Այսինքն` այդ խելոք մարդը, որը մեծ հեռանկար ունեցող քաղաքական գործիչ է, իրավաբան և գրող, զգացել է իմ ողջ մեծությունը, իսկ դա շոյում է ինքնասիրությունս։ Բայց ամենակարևորը՝ այն մարդը, որը ժամանակին ինձ անխնա քննադատել է, իր մեղքը քավելու համար հիմա ամեն առիթով ցուցադրելու է իր նվիրվածությունը, իսկ ո՞ր մի ղեկավարը չի սիրում իրեն շրջապատել անմնացորդ նվիրված թիմակիցներով։
Եվ այնուամենայնիվ ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսը կամ, ինչպես նրան անվանում են, Ջեյ Դի Վենսը։ Նրան քչերը գիտեին մինչև 2016 թվականը, երբ լույս տեսավ «Հիլբիլիական էլեգիա» ինքնակենսագրական գիրքը, որտեղ հեղինակը շատ անկեղծ նկարագրում է երբեմն ոչ այնքան հրապուրիչ միջավայրը, որում մեծացել է։ «Հիլբիլի» բառացիորեն նշանակում է «լեռներում ապրող Բիլլի», այսինքն՝ լեռնեցի։ Մի կողմից դրական երանգ է պարունակում, քանզի հայտնի է, որ լեռներում ապրողները հիմնականում հպարտ, տոկուն և անկոտրում մարդիկ են։ Հիշենք թեկուզ Սերգեյ Դովլաթովի պատմվածքը, որը կոչվում է «Մի ժամանակ մենք ապրում էինք լեռներում»։ Մյուս կողմից, եթե ամերիկացուն հիլբիլի անվանես, կարող է նեղանալ, որովհետև, այո՛, որոշակի բացասական իմաստ էլ կա այդ բառի մեջ։ Ջեյմս Վենսին հաջողվել էր ճշտորեն վերարտադրել լեռնեցիների կյանքի թե՛ լավ, թե՛ վատ կողմերը, և նրա գիրքն անմիջապես բեսթսելեր դարձավ։ Դրա հիման վրա նույնիսկ գեղարվեստական ֆիլմ նկարահանվեց, որը ներկայացվեց «Օսկարի» և այլ պատվավոր մրցանակների։ Իսկ մեկուկես տարի առաջ Վենսը սենատոր ընտրվեց, ընդ որում՝ հենց Դոնալդ Թրամփի աջակցությամբ։
Ջո Բայդենն արդեն Վենսին «Թրամփի կլոն» է անվանել։ Իրականում որոշ հարցերում Վենսը Թրամփից ավելի հեռուն է գնում և զարմացնում իր անկեղծությամբ։ Օրինակ` երկու տարի առաջ ամերիկացի հայտնի լրագրող Սթիվ Բենոնին տված հարցազրույցում Վենսն ասել է. «Թույլ տվեք մինչև վերջ անկեղծ լինել և խոստովանել՝ ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե ինչ կկատարվի Ուկրաինայի հետ»։
Այս մեկնաբանությունն այնքան էլ արտառոց չի թվա, եթե հաշվի առնենք, որ սա Վենսի սկզբունքային դիրքորոշման մի մասն է։ Իսկ այդ դիրքորոշումը հետևյալն է՝ Ամերիկան արդեն մոտ 200 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային։ Ինչո՞ւ։ Ուկրաինան գտնվում է Եվրոպայում, թող եվրոպացիներն էլ օգնեն, իսկ Վաշինգտոնը պետք է հիմնականում կենտրոնանա Ասիայի վրա, որովհետև այնտեղ է մեր հիմնական մրցակիցը՝ Չինաստանը։ Եվ ուրեմն Ուկրաինային տրամադրվող հսկայական ֆինանսական միջոցները, զենքը և տեխնիկան պետք է տրվեն Թայվանին։ Մի քանի մեջբերում այն մարդու ելույթներից, որի թեկնածության առաջադրումը եվրոպացի քաղաքական գործիչներից մեկն արդեն անվանել է «կատարյալ աղետ Եվրոպայի համար». «Ամերիկայի ղեկավարությունը պետք է ընդունի՝ Ուկրաինան ստիպված է լինելու զիջել իր տարածքի մի մասը և դադարեցնել պատերազմը։ Դա մեր շահերից է բխում»։ «Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է, որ չի կարող բանակցել Ռուսաստանի նախագահի հետ։ Բայց դա աբսուրդ է»։ «Մեր, այսպես կոչված՝ պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ լիովին տապալվել է»։
Իսկ ամիսներ առաջ, երբ հանրապետականներին մեղադրանք ներկայացվեց, թե նրանք են ձգձգում Ուկրաինային մի քանի տասնյակ միլիարդ դոլարի զենք մատակարարելու մասին օրինագծի ընդունումը, Վենսը տրամաբանեց. «Ուկրաինայի պրոբլեմը հանրապետականները չեն, մաթեմատիկան է։ Այդ երկրին այնքան զինվոր է պետք, որքան հնարավոր չէ զորակոչել նույնիսկ ամենակոշտ միջոցների կիրառմամբ։ Եվ ավելի շատ զենք է պետք, քան Ամերիկան ի զորու է տրամադրել»։
Ի դեպ, որոշ մեկնաբաններ արդեն ասում են. «Ախր ծերացող Թրամփի փոխարեն հենց Վենսին պետք է հանրապետականները նախագահի թեկնածու առաջադրեին։ Մյուսները հակադարձում են. «Մի՛ շտապեք, Ամերիկայում փոխնախագահները նաև նախագահներ են դառնում՝ Թեոդոր Ռուզվելտը, Հարրի Թրումանը, Լինդոն Ջոնսոնը ձեզ օրինակ։ Թողե՛ք Թրամփը բարով-խերով ընտրվի, իսկ Վենսը կսպասի՝ մի քանի օրից՝ օգոստոսի 2-ին, հազիվ 40 տարեկան է դառնալու»։