Իսրայելին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ը դարձել է Գազայի հակամարտության մասնակից. Լավրով

Սերգեյ Լավրով
Եթե ԱՄՆ-ի կողմից Իսրայելի աջակցությունը դադարեցվի, կավարտվի նաև արյունահեղությունը, նշել է Սերգեյ Լավրովը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Իսրայելին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ը դարձել է Գազայի հատվածում հակամարտության մասնակից այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ եթե այդ աջակցությունը դադարեցվի, ապա կանգ կառնի նաև արյունահեղությունը։
«Սակայն ԱՄՆ-ը կամ չի ուզում, կամ չի կարող դա անել», - նշել է նախարարը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի վերջին հնչեցրել է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման գործարքի պլանը: Հայտնի է, որ գործարքի առաջին փուլը պետք է ներառի վեցշաբաթյա հրադադար Գազայի հատվածում՝ շուրջ 40 ողջ և զոհված պատանդներին ազատ արձակելու դիմաց:
Ավելի վաղ հուլիսին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է առանցքային պահանջից՝ գործարքի առաջին փուլում կրակի վերջնական դադարեցման մասին Իսրայելի կողմից երաշխիքներից: Միջնորդների հետ բանակցություններն անցկացվել են Դոհայում և Կահիրեում, իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակը հրապարակել է մի քանի հայտարարություններ, որտեղ ընդգծվում է, որ ոչ մի գործարք չի խանգարի Իսրայելին վերսկսել ռազմական գործողությունները և շարունակել պատերազմը մինչև բոլոր նպատակների իրագործումը, որոնցից գլխավորը, բացի բոլոր պատանդներին ազատ արձակելը, ՀԱՄԱՍ շարժման ամբողջական վերացումն է և Գազայի հատվածի ապառազմականացումը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Գազայի հատվածի վերաբերյալ ամերիկյան բանաձևը. ՀԱՄԱՍ–ը ողջունել է
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։