ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Թայվանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հիմքով Չինաստանը դադարեցրել է սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը ճեպազրույցի ժամանակ:
«Անտեսելով Չինաստանի վճռական բողոքը՝ ամերիկյան կողմը շարունակել է զենք վաճառել Թայվանին՝ ձեռնարկելով մի շարք գործողություններ, որոնք լրջորեն խախտում են Չինաստանի կենսական շահերը և փլուզում երկկողմ քաղաքական փոխվստահությունը», – ասել Է Լին Ծյանը:
Այս կապակցությամբ Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով խորհրդակցությունների նոր փուլը։
Չինացի դիվանագետը հավելել է, որ «ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է ամերիկյան կողմը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թայվանին զենք վաճառելու հիմքով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 6 ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ: