Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք. տուժել է 2 մարդ

Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չօգտվել պատահական սննդի կետերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզում այսօր արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք 2 տուժածով: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնություն։
Կենտրոնից զգուշացնում են, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով:
«Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չօգտվել պատահական սննդի կետերից, տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում դրանք ենթարկել ջերմային մշակման` եռացնելով առնվազն 20-25 րոպե։
Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես (սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն) նախարարությունից կոչ են անում անմիջապես դիմել բժշկի, քանի որ ժամանակին ցուցաբերած բժշկական օգնությունը կարող է փրկել հիվանդի կյանքը։