ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կանցկացվի Միջազգային հայագիտական առաջին կոնգրեսը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ կոնգրեսում ծավալված քննարկումները կօգնեն իրականացնել կառավարության ծրագրով սահմանված մի կարևոր անելիք՝ մշակել հայագիտության ռազմավարությունը։
Ըստ նրա՝ այս կարևոր անելիքի շրջանակում կարիք կա լսելու հենց այն մարդկանց, որոնք ներգրավված են այդ կարևոր աշխատանքում, իրականացնում են դա ամենատարբեր երկրներում և ամենատարբեր կոնտեքստներում՝ հասկանալու, լսելու բոլոր առաջարկները, դիտարկումները և իսկապես հանդես գալու հայագիտության մի համապարփակ ռազմավարությամբ։
Նա տեղեկացրեց, որ 2024 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսավորմամբ աշխարհի 12 երկրի 15 բուհում կազմակերպվել են հայագիտական կենտրոններ։
«Կարծում եմ, որ այդ կենտրոնների գործունեությունը կարևոր է հայագիտության զարգացման և տարածման տեսանկյունից»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարը նշեց, որ այս համատեքստում կառավարության նպատակներից է ստեղծել ցանցային հայագիտական համալսարան։
«Մեծ հնարավորություն է ստեղծվում բարդագույն ժամանակներում հավաքվելու և քննարկելու հայագիտության միջազգային դիրքավորման, հայագիտության առաջընթացի միջազգային օրակարգ»,- խոսելով կոնգրեսի կարևորության մասին՝ նշեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։
Նա ընդգծեց, որ կոնգրեսից ակնկալիքները շատ մեծ են, լինելու են մասնագետներ աշխարհի հեղինակավոր համալսարաններից, այդ թվում՝ Օքսֆորդի, Հարվարդի, Բոլոնիայի, Սորբոնի, Ժնևի և այլն։