ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Ուկրաինայի դեսպանը Հնդկաստանի արտգործնախարարություն է կանչվել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ռուսաստանյան այցի մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Economic Times» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 15-ին կանչել է դեսպանին և բարձրացրել այդ հարցը։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Նյու Դելին դժգոհ է Ուկրաինայի դիրքորոշումից՝ կապված վարչապետի հասցեին Զելենսկու մեկնաբանությունների հետ»,- նշում է պարբերականը։
Հայտնի է դարձել նաև, որ Հնդկաստանը միջադեպի ֆոնին հետաձգել է Ուկրաինայի հետ համատեղ` մշակույթի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստը:
Անցյալ շաբաթ Զելենսկին քննադատել էր Մոդիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այն անվանելով «ջախջախիչ հարված խաղաղության ջանքերին»։
Հիշեցնենք` Մոդին պաշտոնական այցով Ռուսաստանում էր հուլիսի 8-9-ը, սա նրա առաջին մոսկովյան այցն էր հինգ տարվա ընթացքում: Մոդին ու Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում անցկացրին Նովո Օգարյովոյում, միասին այցելեցին «Ռոսիա» ցուցահանդեսի «Ատոմ» տաղավար և բանակցություններ անցկացրին։