ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա 2-3 ամսում երրորդ երկրում։ Այս մասին գրում է Hürriyet-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Երեկ Ասադը հայտարարել էր, որ պատրաստ է իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը, եթե դա բխի Սիրիայի ազգային շահերից:
«Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից և Սիրիայից կազմված հետախուզական քառյակի հանդիպումը պետք է կայանար անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն այդ հանդիպումը չկայացավ՝ պայմանավորված Սիրիայի նախապայմաններով։ Վերջերս դրական հաղորդագրություններ սկսեցին գալ դերակատարների կողմից՝ Ռուսաստանը որոշ ժամանակ առաջ դիմեց Անկարային և կոչ արեց այս ամսվա վերջին քառյակի հանդիպում կազմակերպել»,–գրում է պարբերականը։
Հրատարակության տվյալներով՝ հետախուզական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումից հետո կարող է տեղի ունենալ արտգործնախարարների հանդիպումը։
«Եթե այս երկու գործընթացները աշխատեն, ոչ մեկի համար զարմանալի չի լինի, որ երկու-երեք ամսից առաջնորդները կհանդիպեն երրորդ երկրում»,- նշում է թերթը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և նրա գործընկերները որոշում են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման և Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև բանակցությունների իրականացման ճանապարհային քարտեզը։
Հունիսի 26-ին Ասադը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Սիրիան բաց է Թուրքիայի հետ իր հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների համար, որոնք հիմնված պիտի լինեն երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։