«Ռուսաստանի փոստը» փորձարկել է Հյուսիսային Օսեթիայով Հայաստան բեռների առաքումը

Առաքանի
Բեռների փոխադրումն իրականացվել է խոշորագույն առևտրային հարթակներից մեկի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. «Ռուսաստանի փոստը» խոշորագույն մարկետփլեյսներից մեկի հետ համագործակցությամբ վերջերս փորձարկել է Հյուսիսային Օսեթիայով դեպի Հայաստան փոստի ցամաքային փոխադրումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Կովկասյան ներդրումային համաժողովում հայտնել է պետական ընկերության ղեկավարի տեղակալ Ալան Կոզոնովը:
Նա նշել է, որ «Ռուսաստանի փոստը» ակնկալում է բեռների կանոնավոր տարանցում Հարավային Կովկասի երկրներ: Կոզոնովը պարզաբանել է, որ Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի լոգիստիկ հնարավորությունները փոստն ընդլայնում է անդրսահմանային բեռնափոխադրումների աճի հետ կապված: Նրա խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ խոշորագույն մարկետփլեյսներից մեկի հետ համագործակցության ընթացքում իրականացվել է դեպի Հայաստան փոստային բեռների փորձնական փոխադրում «Վերին Լարս» մաքսային անցակետով:
«Այժմ մենք վերացնում ենք այդ նախագծի խոչընդոտները։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներս Հյուսիսային Օսեթիայով տարանցումը դեպի Անդրկովկասի հանրապետություններ կդառնականոնավոր։ Փոստն»ընդհանուր առմամբ ակտիվորեն իրականացնում է իր գործող նախագծերը Կովկասում», – նշել է պետական ընկերության ներկայացուցիչը։
Նշենք, որ ռուսական փոստային օպերատորի կայքի վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանից ավիատրանսպորտով առաքումները գործում են դեպի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, այն տևում է 15-30 օր: Ցամաքային առաքումն իրականացվում է Աբխազիա (20-30 օր) և Հարավային Օսեթիա (15-30 օր):