«Փյունիկը» երկու խաղերի արդյունքով պարտվեց Մինսկի «Դինամոյին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի առաջին խաղում ոչ-ոքի՝ 0։0 հաշվով ավարտելով հանդիպումը Մինսկի «Դինամոյի» հետ, բոլոր շանսերը ուներ դիմակայությունում հաղթելու համար։ Չէ որ պատասխան խաղը Երևանում էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին» և դուրս մնաց հետագա պայքարից։
Առաջին խաղակեսում կողմերից ոչ մեկին չհաջողվեց խաղային ու տարածքային առավելություն ստանալ, չնայած «Փյունիկը» անհամեմատ վտանգավոր էր գրոհում, ու Յուսուֆ Օտուբանջոն մի քանի անգամ հայտնվեց նպաստավոր դիրքերում։ Բելառուսի չեմպիոնն էլ առաջին խաղակեսի վերջնամասում երկու անգամ սպառնաց «Փյունիկի» դարպասին, սակայն մինչև ընդմիջում մեր չեմպիոնը շատ լավ պահեր ունեցավ հաշվի մեջ առաջ անցնելու համար, սակայն նույն Օտուբանջոն պարզապես չէր կարողանում նպատակային հարված կատարել։ Դիմակայության երրորդ խաղակեսում էլ (հաշվի առնելով նաև առաջին խաղը) դարպասի գրավում չարձանագրվեց։
Երկրորդ կեսում թիմը սկսեցին ավելի վտանգավոր գործել, խաղը ավելի լարվեց։ 62-րդ րոպեին «Փյունիկը» շատ մոտ էր հաջոությանը։ Լուկաս Վիլելան մոտենալով տուգանային հրապարակին գեղեցիկ կերպով խաբս տվեց մրցակցին ու հարվածեց դեպի մոտակա անկյունը, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին։ Հանդիպման ելքը վճռեց խաղի հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ։ Եվգենի Կոչուկը խախտեց կանոնները տուգանային հրապարակում ու «Փյունիկի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ հստակ իրացրեց Ալեքսեյ Գավրիլովիչը։
Մեր չեմպիոնը նետվեց առաջ խաղը փրկելու համար, և անմիջապես դինամոյականների դարպասի մոտ Բռավոն կարող էր խփել պատասխան գնդակը, բայց հարվածեց դարպասապահի վրա։
«Փյունիկը» շատ դժվարին խաղում, որում արժանի չէր պարտության զիջեց մրցակցին 0։1 հաշվով, ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. այն հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում, ինչպես և մեր մյուս ակումբները։