ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ, նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է արվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և ընդլայնման կարևորությանը: Խոսվել է «Խաղաղության խաչմերուկի» և դրա իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ու տնտեսական զարգացման համար ստեղծվող հնարավորությունների մասին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Օմանի էկոնոմիկայի նախարարին ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 7-ին:
Այս տարվա մայիսին երկու երկրները քննարկել են ուղիղ ավիահաղորդակցության հաստատման հարցը։