ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր երեկոյան կընդունի երկրի վարչապետ Գաբրիել Ատալի կառավարության հրաժարականը: Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԶԼՄ-ների տվյալներով՝ կառավարության կազմի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը նաև հայտարարել է, որ հրաժարականից հետո նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները, նրանց իրավասության տակ կլինի ընթացիկ գործերի կառավարումը: Մակրոնը նաև ակնարկել է, որ այդ իրավիճակը կարող է տևել մի քանի շաբաթ, հնարավոր է՝ մինչև օլիմպիական խաղերի ավարտը:
Գաբրիել Ատալը Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում հաղթել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախերի կոալիցիան՝ ստանալով Ազգային ժողովի 577 տեղերից 182-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» դաշինքը՝ ստանալով 168 տեղ: Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը հանրապետական դաշնակիցների հետ ստացել է 143 տեղ: