ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը։
«Հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, կայացրել է վճիռ, որով նախատեսվում է Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք։ Ներառվում է 1 առանձնատուն Կոտայքի մարզի Առինջ համայնքում, 1 հատ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում և ավելի քան 70 մլն դրամ գումար»,– ասված է հաղորդագրությունում։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
Նշենք, որ Սուրեն Գաբրիելյանը հայտնի է նրանով, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ից (այժմ` ԱՄԻՕ բանկ – խմբ.) 10 մլն 980 հազար եվրո գումար հափշտակելու վերաբերյալ քրեական գործի մեղադրյալներից մեկն է։ Նրա վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը դեռ 2013 թվականի սեպտեմբերի 9-ին գրություն էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն, դրա հիման վրա էլ Գաբրիելյանը կալանավորվել էր։
Կալանքի ժամանակ Սուրեն Գաբրիելյանը ծանր հիվանդությունների հետևանքով հայտնվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղից փախուստի էր դիմել, ինչից հետո վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ 2016 թվականին Սուրեն Գաբրիելյանը Գերմանիայում էր` բուժվելու նպատակով, չնայած նա Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ էր։
Ներկա պահին Սուրեն Գաբրիելյանի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։