«Հյուսիսային տերևաթափի» նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են դատախազին․ ՔԿ

Քննչական կոմիտե
Նախաքննական մարմինները պնդում են, որ մի խումբ անձինք, դժգոհ լինելով ՀՀ կառավարության վարած արտաքին և ներքին քաղաքականությունից, ահաբեկչություն էին նախապատրաստել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների շարքի՝ «Հյուսիսային տերևաթափի» դեպքով նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեռ նախորդ տարի նոյեմբերին ԱԱԾ-ն հայտարարեց, որ ահաբեկչության նախապատրաստման դեպք է բացահայտվել, 5 անձ կալանավորվել է։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2023 թվականի ընթացքում պատրաստվել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով։
Նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:
2023 թվականի նոյեմբերի 1-ին հանցավոր խմբի հինգ անդամներ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին: