ՀՀ տնտեսական ակտիվության աճը մայիսին կիսով չափ կրճատվել է` կազմելով 5.2 %. ՀԲ ամփոփագիր

Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկն արձանագրել է, որ Հայաստանում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ գները բարձրացել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում տնտեսական ակտիվության աճը մայիսին ապրիլի համեմատ կիսով չափ կրճատվել է` 10 տոկոս ցուցանիշից հասնելով 5.2 %–ի։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի` Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ ամսական ամփոփագրում։
«Դա հիմնականում պայմանավորված էր արդյունաբերական թողարկման ու առևտրի ծավալների անկմամբ: Արդյունաբերության ոլորտում աճը ապրիլին արձանագրված 16.6 %–ից նվազեց մինչև 6.9 %–ի, ինչը հիմնականում պայմանավորված էր մշակող արդյունաբերության թողարկման ծավալների նվազմամբ` ապրիլի 27 տոկոսից այն նվազեց` հասնելով 11.5 տոկոսի»,– նշված է ամփոփագրում:
ՀԲ տվյալների համաձայն` արդյունաբերության ոլորտի ցուցանիշների անկման պատճառը ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալների նվազումն է և ծխախոտի արտադրության դանդաղումը: Բացի այդ, դանդաղել է նաև առևտրի ծավալների աճը` ապրիլին արձանագրված 27.2 տոկոսից մայիսին հասնելով 17.6 տոկոսի, թեև առևտրից բացի ծառայությունների և շինարարության ոլորտում աճի տեմպը արագացել է:
Մայիսին 44 տոկոսով կրճատվել են նաև ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները։
Դեպի ՀՀ փոխանցումների հիմնական ծավալը գալիս է Ռուսաստանից։ Այս տարվա մայիսին դրամական փոխանցումների ներհոսքը ՌԴ–ից կրճատվել է 55 տոկոսով, իսկ ԱՄՆ–ից ներհոսքերն ավելացել են 4 տոկոսով։
Համաշխարհային բանկը նաև արձանագրել է, որ 2023 թ. հոկտեմբերից ի վեր Հայաստանում գներն առաջին անգամ բարձրացել են` հունիսին արձանագրելով աննշան գնաճ:
«Հունիսին ցածր գնաճը հիմնականում պայմանավորված էր տրանսպորտային գների 10.8 տոկոս աճով, ինչը միայն մասամբ մեղմվեց սննդամթերքի գների թեթև` 0.7 տոկոսանոց անկմամբ»,– ասված է ամփոփագրում։
Նշվում է նաև, որ մայիսին ՀՀ–ում շարունակվել է ոսկու և թանկարժեք զարդերի վերարտահանման ծավալների զգալի աճը: Ինչ վերաբերում է առևտրային բանկերին, ապա մայիսին նրանց ավանդների ու վարկերի աճն աննշան ավելացել է, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերի ավելացմամբ:
ՀԲ–ն նաև տվյալներ է ներկայացրել հունիսին ՀՀ դրամի փոխարժեքի մասին` նշելով, որ այն ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 6.3 տոկոսով: Հունիսի վերջի դրությամբ ՀՀ դրամ–ԱՄՆ դոլար փոխարժեքն ընդամենը 0.2 տոկոսով է թույլ եղել մայիսի վերջին արձանագրված փոխարժեքից:
Դրական միտումն այն է եղել, որ Հայաստանի միջազգային պահուստները շարունակել են դանդաղորեն աճել` հունիսին ավելանալով 126.6 մլն ԱՄՆ դոլարով` հասնելով 3.34 մլրդ ԱՄՆ դոլարի: