Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է սեպտեմբերին նորից բանավեճ անցկացնել Թրամփի հետ. NBC

Դնոլադ Թրամփն ու Ջո Բայդենը
ԱՄՆ նախագահը պատմել է Թրամփի հետ ջերմ զրույցի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաջորդ բանավեճը տեղի կունենա սեպտեմբերից ոչ շուտ։ Պետության ղեկավարն այդ մասին ասել է NBC-ին։
Լրագրողը երկու անգամ հարցրել է` արդյոք հնարավոր է, որ բանավեճ անցկացվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, այլ ոչ թե երկու ամիս անց՝ «շարք վերադառնալու» համար:
«Ես շարքի մեջ եմ։ Որտե՞ղ եք եղել: Ես 22 խոշոր միջոցառում եմ անցկացրել, հանդիպել եմ հազարավոր մարդկանց հետ, հսկայական բազմություն հավաքել։ Շատ բան է կատարվում: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ես դուրս եմ գալիս և ամերիկացիներին ցույց եմ տալիս, որ ամեն ինչ կարող եմ, հուշումների կարիք չունեմ։ Ես կարող եմ դուրս գալ և պատասխանել ցանկացած հարցի: Եվ ես կանգնած էի այնտեղ (մամուլի ասուլիսում), երբ... երբ ՆԱՏՕ-ն քաղաքում էր: Ես այնտեղ կանգնած էի մի ամբողջ ժամ և պատասխանում էի հարցերին», - պատասխանել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Թրամփի դեմ մահափորձից հետո սրտառուչ զրույց է ունեցել նրա հետ։
«Ես ասացի նրան, որ մտահոգված եմ, ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ լավ է։ Նրա ձայնը լավ էր հնչում։ Ասաց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, շնորհակալություն հայտնեց ինձ զանգի համար։ Ես ասացի նրան, որ մենք Ջիլի հետ բառացիորեն աղոթում ենք նրա համար, և հույս ունեմ, որ նրա ամբողջ ընտանիքը հաղթահարել է այս իրավիճակը», – ասել է նախագահը։
Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ կայացած բանավեճի ժամանակ Բայդենն ու Թրամփը բազմաթիվ վիրավորանքներ հնչեցրին միմյանց հասցեին։ Բայդենն իր մրցակցին անվանեց «դեղնակտուց» և «անհաջողակ», իսկ Թրամփն ասաց, որ նա հանցագործ է և «մանջուրի թեկնածու»։ Բանավեճից հետո մեծամասնությունը հաղթանակը վերագրեց հանրապետական թեկնածուին, իսկ դեմոկրատի ելույթն այնքան անհամոզիչ էր, որ կուսակցությունում սկսեցին քննարկել նոյեմբերին կայանալիք ընտրություններում Բայդենին փոխարինելու հնարավորությունը։
Թրամփը կարծում է, որ իրեն հաջողվել է Բայդենին դուրս շպրտել ընտրապայքարից