Արևմուտքը ՀՀ–ին ոչ մի երաշխիք չի տալիս, բայց դրդում է խզել կապերը ՌԴ–ի հետ. Մանասերյան

Թաթուլ Մանասերյան
Տնտեսագետի խոսքով` Արևմուտքը, Հայաստանին դրդելով արմատական քայլերի, անվտանգության ոչ մի երաշխիք չի խոստանում ռազմական, տնտեսական կամ էներգետիկ ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Արևմուտքը Հայաստանին հատկապես տնտեսական ոչ մի երաշխիք չի տալիս, բայց դրդում է խզել կապերը Ռուսաստանի հետ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ–ն Հայաստանի համար մնում է միակ արդյունավետ ինտեգրացիոն կառույցը: Նրա խոսքով` Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսական կապերը, բայց դա չպետք է հանգեցնի միակ արդյունավետ տարածաշրջանային տարածքից` ԵԱՏՄ–ից դուրս գալուն։
Մանասերյանը նշեց, որ Հայաստանը ԵՄ երկրներ հիմնականում հումք է արտահանում, արդյունաբերական արտադրանքը շատ փոքր ծավալներով է մատակարարվում այնտեղ։ Պատրաստի այս արտադրանքը հիմնականում արտահանվում է ԵԱՏՄ, առաջին հերթին՝ ՌԴ շուկա։ Նա հիշեցրեց, որ 2023 թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 46 տոկոս, որից 41 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ–ին, առաջին հերթին` Ռուսաստանին։
«Հավաքական Արևմուտքը շուրջ 14 փաթեթ պարունակող պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի դեմ` միաժամանակ շարունակում է առևտուրը նրա հետ։ ԱՄՆ-ն այսօր առևտուր է անում Ռուսաստանի հետ՝ ուրան և տիտան է գնում. երկրները գտնվում են կոշտ առճակատման մեջ, բայց առևտուր են անում։ Մեկ այլ օրինակ՝ Մեծ Բրիտանիան նավթ է գնում Ռուսաստանից։ Դա պարադոքսալ է, բայց փաստ է»,– նկատեց Մանասերյանը։
Ըստ նրա` Հայաստանը չպետք է ընկնի ինչ–որ ծայրահեղությունների մեջ և բևեռացնի իր արտաքին ու տնտեսական քաղաքականությունը։ Տնտեսագետի խոսքով` ՀՀ իշխանությունների հրապարակային հարձակումները ՌԴ–ի հասցեին էական վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:
«Եթե ՀՀ–ն իրեն պահի կոռեկտ, ոչ թե կսմիթներով հարաբերվի բարեկամ երկրների հետ, ապա ՌԴ–ն շատ լավ կհասկանա Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի ձգտումը ու փոխադարձ ՀՀ–ին չի սահմանափակի որևէ պահանջներով, օրինակ` էներգակիրների կամ ցորենի գնի բարձրացմամբ»,– ասաց տնտեսագետը։
Մանասերյանն ընդգծեց` Արևմուտքը, Հայաստանին դրդելով արմատական քայլերի, անվտանգության ոչ մի երաշխիք չի խոստանում ռազմական, տնտեսական կամ էներգետիկ ոլորտներում։
«ԵՄ–ն ավելի ազնիվ է գտնվել ու ոչինչ չի խոստացել մեզ. մի հատ նայեք եվրոպացու աչքով` ո՞վ է մեզ սպասում այնտեղ։ Վրաստանին անգամ չեն սպասում. ԵՄ–ն անգամ իր հարցերը չի կարողանում լուծել։ Նույնը Հայաստանի հետ է լինելու. մենք մեր բազմաթիվ խնդիրներով իսկական գլխացավ ենք դառնալու ԵՄ–ի համար։ Հիմա սպասում եք, որ Եվրամիությունը սիրո խոստումներ տա ՀՀ–ին ու մեր երկիրը տանի իր մոտ, որ ի՞նչ անի»,– նշեց նա։
Տնտեսագետը այլընտրանքային տարբերակ է առաջարկում` Հարավային Կովկասում կարելի է ձևավորվել ընդհանուր շուկա, որի միջոցով տարածաշրջանի յուրաքանչյուր երկիրը կկարողանա պաշտպանել իր ազգային շահը և օգուտներ քաղել։