ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում կընդունի Մինսկի «Դինամոյին»։
«ՉԼ-ի հանդիպումներին նախապատրաստվելու տեղի համար խնդիր ունեինք։ Խնդրանքով դիմեցինք, որ պատրաստվենք Ավանի ակադեմիայում, բայց մեզ մերժեցին։ Քանի դեռ ես թիմի մարզիչն եմ, խոստանում եմ, որ այլևս խնդրանքով չեմ դիմելու մարզում անցկացնելու համար։ Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը՝ պայքարելու հաղթանակի համար»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Նա հավելել է, որ մրցակցի ուժեղ կողմը ֆիզպատրաստվածությունն է, բնավորություն ունեցող թիմ է, բայց ևհամոզված է, որ տանն ավելի շատ խնդիրներ կստեղծեն մրցակցի համար։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Թիմերի միջև հուլիսի 11-ին կայացած առաջին խաղը ավարտվել էր առանց դարպասի գրավման։