Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով

Վանաձորի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով»,– գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
2022 թ. մայիսի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին: