Ինչ վիճակ է Լարսում, քանի օր է պետք անցակետը հատելու համար. կցորդը մանրամասներ է հայտնում

Ավելի վաղ հայտարարել էին, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի–Sputnik. Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։
«Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա։ Դրանց մի մասն արդեն ացակետում է, համապատասխան ձևակերպումներն են արվում», - ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ մոտավորապես նույնքան էլ գտնվում են դեպի ՌԴ ուղղությամբ` տարբեր հատվածներում։
Կցորդը հիշեցրեց, որ ամեն օր Վերին Լարսում մաքսազերծում է անցնում շուրջ 150 հայկական բեռնատար։ Հայաստանից դեպի ՌԴ սահման ճանապարհը հայկական փոխադրողներն անցնում են 2-3 օրում։
Վերին Լարսի ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Նշենք, որ Վերին Լարսի անցակետի վերակառուցումից հետո՝ 2022 թվականին, դրա թողունակությունը գրեթե կրկնակի աճել է։ Այժմ այնտեղ գործում է 39 գոտի, 12–ը՝ բեռնատարների, երկուսը ՝ ավտոբուսների, 24 – ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Եվս մեկն էլ պահեստային գոտի է։
Վերին Լարս տանող ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):