ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Անտառում խորոված անող անձինք պետք է տարածքը խոտազրկեն, վերջում էլ մեծ քանակի ջուր լցնեն ու հանգցնեն կրակը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։
Նշենք, որ Հայաստանում թույլատրվում է անտառային հողերի վարձակալությունը, որի համար ամեն տարի մրցույթ է հայտարարվում։ Դիմումատուները հայտեր են ներկայացնում անտառային որևէ տարածքի կամ հողի համար, սահմանված կարգի համաձայն` սկսվում է գործընթացը` տեղանքի տեղորոշում, կոորդինատների սահմանում, կադաստրային տվյալների վերհանում։ Դիմումները հիմնականում լինում են զբոսաշրջության և հանգստի նպատակով ծրագրերի հիման վրա։ Երբեմն էլ դրանք վերաբերում են կենդանական աշխարհի վերարտադրությանը, բնափայտի մթերմանը։ «Հայանտառը» մրցույթի հաղթողների հետ վարձակալության պայմանագիր է կնքում, որպեսզի վարձակալողները կարողանան գործունեություն իրականացնել։
Մարկոսյանը շեշտեց` հրդեհները հիմնականում մարդածին են, առաջանում են խոզանների, որոշակի հատվածներում էլ` աղբի այրումից, ինչը հետագայում դառնում է անկառավարելի և ստանում մեծ մասշտաբներ։ Նա անընդունելի է համարում անտառում խարույկ վարելը։
«Քաղաքացիները պետք է իրենց հանգիստը կազմակերպեն տնտեսվարողների մոտ, որտեղ կան հակահրդեհային միջոցներ, կամ եթե ուզում են իրենց հանգիստը վայելել վայրի անտառում, ուրեմն պետք է զերծ մնան խարույկներ վառելուց: Հաշվի առնելով այն, որ մենք հայ ենք ու սիրում ենք ուտել, խմել, քեֆ անել, գոնե նմանատիպ միջոցառումների կազմակերպման դեպքում պետք է նախ վառվող տարածքը անպայման խոտազրկել, իսկ վերջում շատ մեծ քանակի ջրով անպայման կրակը հանգցնել: Սա ամենավերջին տարբերակով, որովհետև նման քայլերը մեր կողմից չեն խրախուսվում»,– ընդգծեց ՊՈԱԿ–ի տնօրենը։
Նա նաև նշեց, որ կրակը կարող է մեծ տարածում ստանալ նաև մարդու կամքից անկախ` քամու հետևանքով, դրանից հետո էլ օրեր կարող են պահանջվել հրդեհը մարելու համար։
Անդրադառնալով բնության գրկում միջոցառում կազմակերպելուց հետո այդտեղ մնացող աղբին, նա նկատեց, որ վերջին տարիներին այդ առումով դրական տեղաշարժ կա. մարդիկ իրենցից հետո հիմնականում հավաքում են աղբը, և եթե անգամ մոտակայքում աղբաման չի լինում, իրենց հետ տանում են այն:
Խոսելով վարձակալության տրվող հատվածներում ծառահատումներին` Մարկոսյանը շեշտեց, որ դա անթույլատրելի է։ Վստահեցրեց` վերջին 3 տարվա ընթացքում գործունեության կազմակերպման համար ծառահատում չի իրականացվել։
Վարձակալության տալուց առաջ տարածքում տեղազննում է իրականացվում, ինչի արդյունքում ծառերի տեսակներն ու քանակը հաշվառվում է։ Հետագայում վարձակալը պատասխանատվություն է կրում այդտեղ եղած ծառերի մասով։