ՀՀ–ում մեծ թափ է առել անտառային հողերի վարձակալության գործընթացը. 235 պայմանագիր է կնքվել

Հայաստան
Անտառային հողերի վարձակալության արդյունքում շուրջ 2 տարում 15.1 մլրդ դրամի ներդրում է արվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանում անտառային հողերի վարձակալության գործընթացը մեծ թափ է ստացել, ու շուրջ 2 տարվա ընթացքում 235 պայմանագիր է կնքվել իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։
Գերատեսչությունն ամեն տարի մրցույթ է հայտարարում անտառային հողերի վարձակալության համար։ Դիմումատուները հայտեր են ներկայացնում անտառային որևէ տարածքի կամ հողի համար, սահմանված կարգի համաձայն` սկսվում է գործընթացը` տեղանքի տեղորոշում, կոորդինատների սահմանում, կադաստրային տվյալների վերհանում։ Դիմումները հիմնականում լինում են զբոսաշրջության և հանգստի նպատակով ծրագրերի հիման վրա։ Երբեմն էլ դրանք վերաբերում են կենդանական աշխարհի վերարտադրությանը, բնափայտի մթերմանը։
Մարկոսյանը շեշտեց, որ «Հայանտառը» մրցույթի հաղթողների հետ կնքում է անտառային հողերի վարձակալության պայմանագիր։ Դրանից հետո ՊՈԱԿ–ն այդ տարածքներում վերահսկողություն է իրականացնում վարձակալության ներդրումային ծրագրի մասով։
«Վարձակալության գործընթացը մեծ թափ է ստացել 2022 թվականի երրորդ եռամսյակից ու մինչև օրս էլ մեծ տեմպերով շարունակվում է։ Մինչև 2022 թվականը «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կնքվել է շուրջ 130 պայմանագիր, որի վարձակալության արժեքը կազմում էր տարեկան շուրջ 25 մլն դրամ: Իսկ 2022-ի երրորդ եռամսյակից մինչև 2024-ի երկրորդ կիսամյակը, այդ վարձակալության պայմանագրերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 235-ի: Համապատասխանաբար վարձակալական վճարը կազմում է տարեկան արդեն 92 մլն դրամ: 2022-2024 թթ. իմ նշած ժամանակահատվածում կնքվել է 105 պայմանագիր։ Ներդրումային ծրագրերը, որոնք հաղթող են ճանաչվել, կազմում են 15,1 մլրդ դրամ»,– ասաց Մարկոսյանը:
Ըստ օրենքի` վարձակալողները պարտավորվում են ներդրումների մասով հաշվետվություն ներկայացնել։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերահսկում է վարձակալողների ստանձնած պարտավորությունների կատարումը ֆինանսական մասով, ինչպես նաև «Անտառային օրենսգրքի» հետ կապված սխալները, բացթողումները, խախտումները:
Խախտումներ նկատելու դեպքում տեղեկացվում է էկոպարեկային ծառայությունը, որն էլ հետագայում իրականացնում է իրեն վերապահված գործառույթները։
Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել. «Հետք»
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանն էլ, խոսելով էկոպարեկային ծառայության մասին, ասաց, որ այն դեռ ակտիվ կազմավորման փուլում է։ Ծառայությունը պետք է վերազինվի, սահմանված չափաքանակով տեխնիկա ձեռք բերվի։