ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Արձակուրդային շրջանը թեպետ մեկնարկել է, սակայն ՀՀ նախարարների մեծ մասը դեռ չի շտապում մեկնել հանգստի։
Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե նախարարները երբ և որտեղ են պատրաստվում անցկացնել իրենց արձակուրդը։ Մեծամասնությունը տվեց միանման պատասխան` արձակուրդ մեկնելու ժամկետները դեռևս հստակեցված չեն։
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ Անահիտ Ավանեսյանը չի պատրաստվում արձակուրդ գնալ ամռան ամիսներին։
«Նախարարի արձակուրդը հստակեցված չէ, վայրը` նույնպես։ Աշխատանքային գրաֆիկից ելնելով` այս պահին չի նախատեսվում և նույնիսկ չի նշմարվում արձակուրդը»,–նշեցին նախարարությունից։
Մարտից էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանի աշխատանքային գրաֆիկն այնքան ծանրաբեռնված է, որ նա այս տարի ընդհանրապես արձակուրդ չի վերցնելու։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը որոշել է` առավելագույնը 2 շաբաթ կհանգստանա, սակայն երբ և որտեղ` դեռ չի պլանավորել։
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նույնպես այս պահի դրությամբ չի պլանավորել իր հանգիստը: Պարզ է միայն, որ հուլիսի ընթացքում նա արձակուրդ չի գնալու:
ՀՀ ներքին գործերի, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ԿԳՄՍ նախարարություններից ստացանք նույնաբովանդակ պատասխան` 2024թ. ամենամյա արձակուրդի մեկնելու ժամկետները դեռևս հստակեցված չեն։
Հստակ է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի արձակուրդ մեկնելու ժամկետը. ՀՀ վարչապետի որոշմամբ Միրզոյանն արձակուրդում կլինի հուլիսի 22-ից 26–ը, սակայն թե որտեղ է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախընտրում հանգստանալ, նախարարության խոսնակը չմանրամասնեց։
Նախարարներից այս պահին միայն շրջակա միջավայրի նախարարության ղեկավար Հակոբ Սիմիդյանն է օգտվել իր ամենամյա արձակուրդից (հունիսի 19-28-ը)։ Նախարարությունից հայտնեցին, որ Սիմիդյանը նախընտրել է իր արձակուրդային օրերն անցկացնել Հայաստանում։
Հայաստանում կհանգստանա նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որն այսօրվանից է մեկնում արձակուրդ՝ 10 աշխատանքային օրով (հուլիսի 15-26-ը)։
Հիշեցնենք` այսօրվանից հանգստի է մեկնում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա արձակուրդում կլինի մինչև օգոստոսի 12–ը։