ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ արտգործնախարարն ԱՄՆ–ում կմասնակցի ՄԱԿ–ի կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։
«ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։
Հավելենք, որ նախորդ երկու ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2018թ. և 2020թ.։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարն ԱՄՆ–ում էր նաև հուլիսի 10–ին, Վաշինգտոնում նա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ մասնակցել էր եռակողմ հանդիպման, որի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ասել էր` Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության շուրջ վերջնական համաձայնության հասնելուն։