ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը տեղեկություն չունի Air Arabia–ի կողմից մեր երկրի դեմ արբիտրաժային վարույթ սկսելու մասին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին գրասենյակի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ News.am–ը տեղեկացրել է, որ «Ինթերնեյշնլ բիզնես Քամփանին», որը փոխկապակցված է Air Arabia–ի հետ, դիմել է ՀՀ պետական շահերի հիմնադրամին (ANIF)՝ ազգային ավիափոխադրող Fly Arna–ի հետ կապված ֆինանսական վեճով միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնելու մտադրությամբ։
Fly Arna-ն հիմնադրվել է 2021 թվականին Air Arabia ավիաընկերության և ԱՆԻՖ–ի կողմից՝ որպես հիմնադրամի ամենամեծ ներդրումային նախագիծ։ Fly Arna-ն 2024 թվականի հունվարին դադարեցրել է գործունեությունը, իսկ 2024 թ. մայիսին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել լուծարելու ԱՆԻՖ –ը։
2022–2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Քննչական կոմիտեն այժմ ուսումնասիրում է այդ գործերը։
Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թ–ին ԱՆԻՖ–ում հայտնաբերեց նաև հաշվետվությունների և կառավարման հետ կապված խնդիրներ, ինչը հանգեցրեց դրա գործունեության սահմանափակմանը ՀՀ կառավարության կողմից: