ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել` մաղթելով բարօրություն և խաղաղություն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին և հարատևություն հայ-ֆրանսիական բարեկամությանը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատումը ու մեր երկրում ժողովրդավարության անշրջելիության երաշխավորումը: Այս համատեքստում բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև խաղաղության օրակարգին և լայնածավալ բարեփոխումներին»,-մասնավորապես ասել է նա:
Նշենք, որ հուլիսի 14-ին նշվում է Ֆրանսիայի Ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը։
Պատմական իրադարձությունը տեղի է ունեցել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ՝ 1789-ին ապստամբ փարիզցիները գրոհով գրավեցին Բաստիլի ամրոց-բանտը՝ արքայական բռնապետության խորհրդանիշը, և ազատեցին 7 կալանավորների։