ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 140 մարդ է զոհվել, 400-ը տուժել են իսրայելական հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների 4 զանգվածային սպանություն է իրականացրել, հիվանդանոցներ են ընդունվել 141 զոհ և 400 տուժած»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 38 584-ի, տուժել է ավելի քան 88,8 հազար մարդ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և ավելի քան 200 պատանդ էին վերցրել:
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին, դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: