Թեհրանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ. Իրանի նորընտիր նախագահ

Իրանի նորընտիր առաջնորդը կարծում է, որ հարևան և եղբայրական ժողովուրդները իրենց արժեքավոր ռեսուրսները չպետք է ծախսեն կործանարար մրցակցության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Իրանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ և ստեղծել ուժեղ տարածաշրջան, որտեղ ոչ ոք չի գերիշխի մյուսների նկատմամբ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իմ վարչակազմի օրոք մենք առաջին հերթին ուշադրություն կդարձնենք մեր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Մենք հանդես կգանք ուժեղ տարածաշրջանի ստեղծման օգտին, այլ ոչ թե այնպիսի տարածաշրջանի, որտեղ մի երկիր ձգտում է մյուսի նկատմամբ գերիշխանության»,– նշել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ հարևան և եղբայրական ժողովուրդները չպետք է ծախսեն իրենց արժեքավոր ռեսուրսները կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի կամ միմյանց անհիմն զսպելու վրա:
Թեհրանը նաև ակնկալում է համագործակցել Թուրքիայի, արաբական երկրների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ: Իրանը մտադիր է ստեղծել բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ տարածաշրջանի երկրների ռեսուրսները կարող են ուղղվել Մերձավոր Արևելքի առաջընթացին և զարգացմանը:
Փեզեշքիանը Ռուսաստանին անվանել Է Իրանի արժեքավոր ռազմավարական դաշնակից և հարևան։ Նա հայտարարել է, որ ՌԴ–ի հետ համագործակցությունը կշարունակվի հատկապես ԲՐԻԿՍ–ի, ՇՀԿ–ի և ԵԱՏՄ–ի շրջանակում։
Փաշինյանն ու Իրանի նորընտիր նախագահը զրուցել են հեռախոսով. ի՞նչ են պայմանավորվել