ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և կարևորել է Չիկովանիի այցը:
«Վարչապետն արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Չիկովանին էլ կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։
Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հուլիսի 12–ին։ Այցի շրջանակում Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2024 թվականի համագործակցության պլանը։