ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի դաշինքին։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»–ը` հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ գործակալության` լիագումար նիստի ընթացքում Օրբանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ ոչ միայն հրաժարվել է միանալ դաշինքի` Ուկրաինայի համար նախատեսված ռազմական աջակցության խոստումներին, այլև հայտարարել է, որ Ուկրաինան ընդհանրապես չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։
Որոշ առաջնորդներ հակադարձել են, որ հենց Հունգարիայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչու Ուկրաինան պետք է ՆԱՏՕ-ի մաս կազմի:
Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ասել էր, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը հիմա անիրական է։
ՆԱՏՕ-ի` հուլիսի 9-11-ին անցկացված գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում դաշինքի երկրների ղեկավարները հավաստիացրել են, որ եվրաատլանտյան ամբողջական ինտեգրման անշրջելի ճանապարհին, որը ներառում է ՆԱՏՕ-ին անդամակցելը, կշարունակեն աջակցել Ուկրաինային: Միևնույն ժամանակ նրանք հայտարարել են, որ Ուկրաինային դաշինքին միանալու հրավեր կուղարկեն, երբ դաշնակիցները համաձայնության գան և կատարվեն անդամակցության պայմանները: