Մինչև տարեվերջ ՀՀ Ազգային ժողովի բակում սրճարան կկառուցվի. ԶԼՄ

Ազգային ժողով
Ըստ հատակագծի՝ տաղավարը կունենա 5,2 մետր երկարություն և 3,1 մետր լայնություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մինչև տարեվերջ Հայաստանի խորհրդարանի բակում ամառային սրճարան կկառուցվի։ Տեղեկությունը հայտնում է «Հետքը»։
Լրատվամիջոցը նշում է, որ Ազգային ժողովը 2024 թ. հունիսի 21–ին 11,5 մլն դրամ արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ–ի հետ։ Ընկերությունն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով, սահմանվել է 11,5 մլն դրամ մեկնարկային գին։
Աճուրդին մասնակցել է երեք ընկերություն, հաղթել է «Արմպրոդուկտ» ՍՊԸ–ն, քանի որ առաջարկել է ամենացածր գինը` պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 11 մլն 499 հազար 600 դրամ։ Սրճարանի համար սառնարաններ, սառցարաններ և այլ իրեր ձեռք բերելու համար առանձին մրցույթ է հայտարարվել։ Տաղավարի հարևանությամբ նախատեսվում է տեղադրել նաև սեղան–աթոռներ, որոնց համար ևս առանձին մրցույթ է հայտարարվել։ Ըստ հատակագծի՝ տաղավարը կունենա 5,2 մետր երկարություն և 3,1 մետր լայնություն:
ԱԺ նախագահը խորհրդարանի բակում սրճարան կառուցելու մասին խոսել էր դեռ 2021 թ. օգոստոսին` նշելով, որ այդ սրճարանում պատգամավորները կարող են թե՛ այլ անձանց ընդունել, թե՛ լրագրողների հետ շփումներ ունենալ:
Իսկ կոնկրետ ե՞րբ կավարտվեն տաղավարի կառուցման աշխատանքները։ «Արմպրոդուկտ» ՍՊԸ–ի սեփականատեր Ռոբերտ Գևորգյանը լրատվամիջոցին հստակ ժամանակահատված չի ասել, միայն նշել է, որ այն պատրաստ կլինի պայմանագրում նշված դեկտեմբերի 25–ից շուտ։