ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Իսրայելցի զինվորականները պաշտոնապես հայտարարել են, որ հարձակվել են Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների վրա։
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հաղորդագրության համաձայն՝ ավիահարվածը հասցվել է այն շրջանին, որտեղ գտնվող խաղաղ բնակիչների շրջանում թաքնվել են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամները:
«Իսրայելի պաշտպանության բանակի և ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) համատեղ գործողության ընթացքում, որը հիմնված է ճշգրիտ հետախուզական տվյալների վրա, ՑԱԽԱԼ-ի Հարավային հրամանատարությունը և Իսրայելի օդային ուժերը հարված են հասցրել այն շրջանին, որտեղ քաղաքացիական անձանց թվում եղել են ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ և ևս մի քանի ահաբեկիչներ։ Հարվածը հասցվել է ծառերով և շինություններով շրջապատված բաց տեղանքին», - ասվում է հայտարարության մեջ։
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ հարվածը հասցվել Է Ալ-Մավասի շրջանին, որտեղ, ըստ ճշտված հետախուզական տվյալների, գտնվել են ՀԱՄԱՍ-ի մարտական թևի հրամանատար Մուհամմադ Դեյֆը և ՀԱՄԱՍ-ի տեղի բրիգադի հրամանատար Ռաֆիա Սալյամուն:
Սակայն նրանց մահվան փաստն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։