ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալը դատի է տվել կառավարությանը

Գայանե Գաբրիելյան
Գործի քննությանը ներգրավվել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով վերականգնել իր պաշտոնում ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է այս տարվա մարտի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նախկին փոխնախարարն իր հայցով վիճարկում է որոշման օրինականությունը և պահանջում անվավեր ճանաչել այն, նույնությամբ վերականգնել իրեն իր նախկին պաշտոնում, ինչպես նաև փոխհատուցել հարկադիր պարապուրդի գումարը՝ սկսած մարտի 21–ից մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով՝ ներառյալ տուժանքները՝ յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով։
Հայցադիմումը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։ Հայցադիմումը դատավորը վարույթ է ընդունել մայիսի 29–ին։ Այս գործով նախնական դատական նիստը տեղի է ունեցել հուլիսի 4–ին։ Այն ընթացել է բանավոր ընթացակարգով:
Գործի քննությանը ներգրավվել է ՀՀ ֆինանսների նախարարությունը` որպես 3-րդ կողմ։
Հիշեցնենք, որ Գայանե Գաբրիելյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ էր նշանակվել 2021 թ. հուլիսի 23–ին։ Նա Պետական գնումների փորձագետների միության նախագահն է, տնտեսական գիտությունների թեկնածու։