ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվնախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հուլիսի 12–ին Իրանի քաղաքացին ՀՀ ՆԳՆ Մեղրու վարչություն հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Մեղրիի սահմանակետի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում, մեքենաների հերթի հետ կապված վիճաբանել է նշված ավտոկայանատեղիի աշխատակցի հետ, որը բռունցքով երկու անգամ հարվածել է բողոք ներկայացնող քաղաքացու դեմքին։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դեպքի օրը պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։
«Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ Ագարակի 25–ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը: Նա և փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի քննչական վարչություն»,– ասաց Սարգսյանը։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆիզիկական ներգործություն)։ Ինչպես հայտնում են ՔԿ–ից, ԻԻՀ քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Հարցաքննության ընթացքում նա ասել է, որ բողոք չունի։
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը NASRNEWS–ին ասել է, որ անձամբ է այցելել դեպքի վայր և հանդիպել տեղի ոստիկանության ներկայացուցիչների հետ, որպեսզի ներկայացնի իրենց բողոքը: Վարամինը նշել է, որ մեղավորը հարցաքննվում է, իսկ իրանցի վարորդի վիճակը լավ է, և նրան դուրս են գրել հիվանդանոցից։