ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Խորհրդարանը երեկ արտահերթ նիստով ավարտեց գարնանային նստաշրջանը, իսկ աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ից։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Արսենյանի ագրեմանը հաստատելու որոշումը կայացվել է մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու: ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է:
«Ինչպես մեզ փոխանցեցին, արդեն սեպտեմբերին պաշտոնապես կլինի Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի նշանակման հրամանը»,– գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Պարբերականը նշում է, որ Արսենյանը պետք է մանդատը վայր դնելուց բացի նաև դադարեցնի անդամակցությունը իր հիմնադրած Միավորված աշխատանքային կուսակցությունում:
Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։