ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ամերիկահայ երիտասարդներն ակցիա են անցկացրել ԱՄՆ–ում և Կոնգրես են գնացել վերնաշապիկներով, որոնց վրա պատկերված են եղել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վարժողական ծրագրի մասնակիցները երկու օրվա ընթացքում հանդիպել և հայկական հիմնախնդիրների մասին իրազեկել են ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 400 գրասենյակների աշխատակիցների։
Ակցիայի նպատակն է եղել ներկայացնել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդիրը։
Երիտասարդները ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել գործողություններ ձեռնարկել` ապահովելու հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև ներքին օրենսդրության կիրառմամբ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։
«Այնուհետև երիտասարդները ցուցադրական կերպով շարվել և ողջունել են Կոնգրեսի աշխատակիցներին, որոնք մասնակցում էին Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած ճեպազրույցին՝ հիշեցնելով Ադրբեջանի հակահայկական ագրեսիայի մասին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ակցիայի մասնակիցները պարզել են նաև հայ պատանդների լուսանկարներով ցուցապաստառ։
Հայ դատի հանձնախմբի երիտասարդական պատվիրակությունը Կոնգրեսի անդամներին կոչ է արել անհապաղ քննարկել և ընդունել մի շարք կարևոր օրինագծեր, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելուն։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։