Որքան գումար է մուտքագրվել պետական բյուջե տուգանքները «մեղմող» օրենքի ընդունումից հետո

ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող 20 և 30 տոկոս բոնուսային համակարգից էլ օգտվել է 129 065 քաղաքացի
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Շուրջ 110.000 քաղաքացի 3 ամսվա ընթացքում օգտվել է ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող 50 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 310 794 տուգանքի որոշումներով պետական բյուջե է մուտքագրվել 1 320 920 870 դրամ:
«Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 213 188 կատարողական վարույթով բռնագանձվել է 871 553 540 դրամ»,– նշված է հաղորդագրությունում։
ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող 20 և 30 տոկոս բոնուսային համակարգից էլ օգտվել է 129 065 քաղաքացի։
30 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 207 810 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 206 295 487 դրամ:
Իսկ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու միջոցով 41069 քաղաքացի օգտվում է տուգանքը 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։