ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Կրեմլը տեղյակ է, որ Թուրքիան մտադիր է անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը, բայց այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հակասում է ՇՀԿ հիմնարար փաստաթղթերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Որոշակի հակասություններ կան՝ կապված Թուրքիայի որպես ՆԱՏՕ-ի անդամի պարտավորությունների և ՇՀԿ-ի հիմնարար փաստաթղթերում ամրագրված աշխարհայացքի հետ»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը հստակեցրել է, որ դեռևս հստակ ժամկետ չկա Թուրքիայի հնարավոր անդամակցության համար: Նա պարզաբանել է, որ քննարկման շատ թեմաներ կան, և շատ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ՇՀԿ-ի նկատմամբ, ուստի այս թեման անընդհատ օրակարգում է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել էր, որ Թուրքիան մտադիր է ՇՀԿ-ի լիիրավ անդամ դառնալ:
Էրդողանը նաև մասնակցել է հուլիսի 3-4-ը Աստանայում կայացած ՇՀԿ գագաթնաժողովին, որտեղ ընդգծել է կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ձգտումը: